( 28/06/10 [12:00] ) Մարտակերտի ազատագրումը
1993թ. հունիսի վերջին և հուլիսի սկզբին Ադրբեջանի խոշոր քաղաքներում ու հատկապես Բաքվում ծավալվեցին հակաիշխանական հզոր ցույցեր: Պատճառներից մեկը, թերևս, Մարտակերտի ուղղությամբ ադրբեջանական բանակի կրած պարտությունն էր... 1992թ. հուլիսի 4-ին Մարտակերտի անկումից մեկ տարի անց ղարաբաղյան ուժերն անցնելով շեշտակի հակահարձակման, ամրացան շրջկնտրոնն իշխող բարձունքներում և վերահսկողության տակ առան քաղաքն ու նրա շրջակայքը: Ինչպե'ս և ի'նչ պայմաններում իրականացվեց Մարտակերտի ազատագրման ռազմագործողությունը: 1993թ. առաջին կիսամյակի ռազմագործողությունների եզրափակիչ փուլի, այն է` Մարտակերտի ազատագրման գործողության մշակմանն ու նախապատրաստմանը ՊԲ հրամանատարությունը ձեռնամուխ եղավ դեռևս հակառակորդի քելբաջարյան զորախմբի ջախջախման հաջող օպերացիայից հետո: Այդ նպատակով կարճ ժամանակահատվածում կատարվեց ուժերի և միջոցների վերախմբավորում: Հարձակման նպատակասլացությունն ապահովելու համար պլանավորվեց միաժամանակյա հարվածներ հասցնել մի քանի ուղղություններով: Սրխավենդից մինչև Մատաղիս ձգվող ռազմաճակատի ողջ երկարությամբ կենտրոնացվեցին 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ պաշտպանական շրջաններից ընտրված ուժերն ու կնետրոնական ենթակայության մի շարք ստորաբաժանումներ: Գարնան վերջին և ամռան սկզբին իրականացված նախապատրաստական աշխատանքներից հետո ՊԲ հյուսիսային ուղղության ստորաբաժանումները մարտագծի ողջ երկայնքով անցան լայնածավալ հարձակման: Հունիսի երկրորդ կեսին, հաջողությամբ իրականացնելով իրենց առջև դրված մարտական խնդիրները, ղարաբաղյան ուժերը գրավեցին օպերատիվ-մարտավարական տեսակետից շահավետ մի քանի բարձունքներ ու բնագծեր: Գլխավոր հարվածային ուղղություններ էին ընտրվել Բոյահմեդլը, Փափրավենդ, Պուշկեն յալ, Հեռուստաաշտարակ, Մաղավուզ հատվածները: Հաշված օրերի ընթացքում կոտրելով հակառակորդի դիմադրությունը մարտագծի հարավ-արևելյան տեղամասում, Ասկերանի և Շուշիի պաշտպանական շրջանների ուժերը շոշափելի կորուստներ պատճառեցին նրան Խրամորթ և Փափրավենդ գյուղերի միջնամասում և դուրս եկան Աղդամ-Մարտակերտ մայրուղի: Նույն ժամակահատվածում Կենտրոնական պաշտպանական շրջանի ստորաբաժանումները Գալաչիլար գյուղի ուղղությամբ զարգացնելով իրենց առաջխաղացումը նպաստավոր բնագծեր զբաղեցրին Բոյահմեդլու-Փափռավենդ գյուղերի շրջանում, և Պուշկեն յալ բարձունքում դիրքավորված հակառակորդին ստիպեցին մտածել նահանջի մասին: Ազատագրական մարտերը հաջողությամբ էին ընթանում նաև Մաղավուզի և հարակից հայկական գյուղերի ուղղությամբ, որտեղ իրենց գործողություններով աչքի էին ընկնում Մարտակերտի պաշտպանական շրջանն ու Հայաստանի կամավորականներից կազմված բրիգադը: Ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված այսօրինակ հաջող հաղթարշավը, որը դեռևս մեկնարկել էր 1993-ի փետրվարից, ադրբեջանական զինուժին կանգնեցրեց անելանելի կացության առջև: Դեռ ավելին, կապված մարտադաշտում կրած մի շարք խոշոր պարտությունների հետ, Ադրբեջանում ծայրաստիճան սրվեց ներքաղաքական վիճակը: Հակաիշխանական խռովության կազմակերպիչն էր ոչ անհայտ Հեյդար Ալիևը, իսկ իրականացնողը` Գյանջայի 709-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատար, գնդապետ Սուրյաթ Հուսեյնովը: Հատված ռազմական վերլուծաբան Ջահանգիր Արասլըի <<Հայ-ադրբեջանական հակամարտություն. ռազմական ասպեկտ>> գրքից. - <<709-րդ բրիգադը զինաթափելու համար հանրապետության ղեկավարության կողմից հրաման տրվեց նախագահական գվարդիայի և ներքին զորքերի ուժերով իրականացնել օպերացիա: Հունիսի 4-ին և 5-ին տեղի ունեցած բախման արդյունքում երկու կողմից սպանվեց 60-ից ավելի զինծառայող: Օգտագործելով 7 օր առաջ ռուսական 104-րդ գվարդիական օդա-դեսանտային դիվիզիայից բռնազավթված 105 դեսանտի մարտական մեքենաները, 42 հրետանա-ականանետային համակարգերն ու մեծ քանակությամբ սպառազինությունը, ռազմական ընդդիմության ղեկավարությունը վերահսկողության տակ վերցրեց Գյանջա քաղաքը, օդանավակայանն ու շրջակա տարածքը, զինաթափեց Ադրբեջանի ժողճակատայիններին համակրող ներքին զորքերի ստորաբաժանումները: Հաջորդ մի քանի օրվա ընթացքում, իրենց կողմն անցած 1-ին բանակային կորպուսի 707 բրիգադի և ազգային բանակի էլի մի շարք ստորաբաժանումների աջակցությամբ, խռովարարները Թբիլիսի-Բաքու մայրուղուվ առանց որևէ դիմադրության հանդիպելու իրականացրին երթարշավ: Արդյունքում ապահովված էր ԱԺՃ-ի հեռացումն իշխանությունից...>> Այն, որ Ադրբեջանում այդ օրերին տիրող ներքաղաքական բարդ իրավիճակը հայկական կողմի համար բարենպաստ պայմաններ ստեղծեց Մարտակերտի ազատագրման ռազմական օպերացիան հաջողությամբ իրականացնելու առումով, դա իրոք փաստ է: Բայց միևնույն ժամանակ համաձայնել ադրբեջանցի ռազմական վերլուծաբանի հետ, որ միայն դրանով է բացատրվում ղարաբաղյան ուժերի տարած հաղթանակը հյուսիսային ճակատում, առնվազն միամտություն կլիներ: Այստեղ գլխավոր դերակատարությունը պատկանում է հայ զինվորին և ռազմարվեստին տիրապետելու նրա բնատուր տաղանդին:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին 28.06.10 |
||||
|
||||