Դատելով ադրբեջանական լրատվամիջոցներում վերջին շրջանում առավել հաճախակի դարձած ռազմատենչ հրապարակումների պարբերականությունից, կամա թե ակամա հանգում ես այն հետևության, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն դադարել է ականջալուր լինել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային կազմակերպությունների հորդորներին, այլև կորցրել է սեփական հնարավորությունները, գոնե իր համար ռեալ, գնահատելու ընդունակությունը: Իսկ ինչպես միշտ, Ադրբեջանի քարոզիչներն իրենց մարտավարությունը կառուցում են հիմքից զուրկ և իրականի հետ ոչ մի կապ չունեցող երեվակայության դաշտում: <Եթե... Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ վերսկսվի, ապա Երևանը մաքսիմում կդիմանա 3 օրից մինչև երկու շաբաթ, - գրում է ադրբեջանցի ռազմական փորձագետ Իլդրիմ Մամեդովը: - Նրանց թվում է, թե իրենք ստեղծել են ՙՄաժինոյի՚ կամ ՙԶիգֆրիդի՚ գիծ: Բայց իրականում այդ ամենը միամտություն է: Նրանք մոռանում են, որ ժամանակակից աշխարհում գոյություն ունեն պատերազմի վարման այնպիսի ձևեր, ինչպիսինն են անկոնտակտ կամ անհամաչափ պատերազմները...> Նախ ասենք, որ իրեն ռազմական փորձագետ ներկայացնող նույն այդ Մամեդովը ոչ այլ ով է, քան Ղարաբաղյան առաջին պատերազմում իր բանակին պարտություն բերած հազարավոր ապաշնորհ սպաներից մեկը, ով, ի դեպ այսօր պահեստի գնդապետ է... Մինչդեռ հենց նրա ու նրա նմանների հրամանատարության արդյունքում ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում իրեն մահկանացուն կնքեցին հազարավոր ասկյարներ... Հենց նրա ու նրա նմանների անհեռատես մարտավարության շնորհիվ հարյուրավոր խեղճ ու կրակ մոլորյալները հայտնվեցին գերության մեջ... Հենց նա ու նրա նմանները ճողոպրելով ռազմաճակատից, անպաշտպան թողեցին հազարավոր ծեր, մանուկ ու կին... Եվ այս ամենից հետո հոխորտալ եռօրյա կամ երկշաբաթյա հաղթանակի մասին, միամտություն որակել սեփական հնարավորությունների հանդեպ հայկական զինուժի ունեցած վստահ կեցվածքը և վերջապես ճամարտակել ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող պատերազմի ու նրա վարման ձևերի մասին, առնվազն պետք է լինել այնպիսինն, ինչպիսինը հենց նույն այս պահեստի հաստագլուխ գնդապետն է... <Խորհրդային տարիներին ես ծառայել եմ հայերի հետ և վստահաբար կարող եմ ասել, որ նրանց մեջ հազվագյուտ եմ հանդիպել նորմալ զինվորի, - շարունակում է ադրբեջանցի Մամեդովը: - Նրանց գեներալների մեծ մասը` Բաղրամյանը, Բաբաջանյանը և ուրիշներ եղել են Ադրբեջանում, Ղարաբաղում ծնվածներ և Հայաստանի հետ ոչ մի կապ չունեն...>
Բեռնավորել Ֆայլը
|