(17/01/12 [18:30] ) Մարտավարաշարային պարապմունք
Ծավալված ղեկավարման կետերում իրականացվեցին ուսումնական մարզումներ, որոնց նպատակն էր մեկ անգամ ևս ստուգել շտաբի բաժինների և ծառայությունների պատրաստվածության վիճակը մարտական պատրաստականության բերման ընթացքում, ինչպես նաև պարզորոշել ենթակա զորամասերի և ստորաբաժանումների ղեկավարման և վերջիններիս հետ փոխհամագործակցության կազմակերպման գործընթացը: Ըստ ուղղությունների ձեռնամուխ լինելով առաջադրված խնդիրների կատարմանը, բանակի վարչությունը լավագույնս օգտագործեց ղեկավարման համակարգի բոլոր միջոցներն ու հնարավորությունները և ցուցադրեց պատշաճ պատրաստվածություն: Մարտավարաշարային պարապմունքների ծրագրի շրջանակում, բացի բանակի վարչության հետ անցկացված միջոցառումներից, կազմակերպվեցին նաև լսումներ, որոնց ընթացքում ըստ ուղղությունների պաշտպանական որոշման շուրջ զեկույցներով հանդես եկան բանակի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներն ու մի շարք միավորումների և զորամասերի հրամանատարներ: Ամփոփելով բանակային նոր ուսումնական տարվա մեկնարկային պարապմունքների ընթացքն ու արդյունքները, կարելի է արձանագրել, որ ինչպես բանակի վարչությունը, այնպես էլ ենթակա միավորումներն ու զորամասերը պատրաստակամ են իրենց պարտականությունները կատարել ժամանակին և պահանջվող որակով և, որ շատ կարևոր է՝ առաջադրված խնդիրների իրականացման ընթացքում ունակ են դրսևորելու համակարգված մոտեցում և մասնագիտական բարձր պատրաստվածություն: Պարապմունքների եզրափակիչ մասում այս մասին ընդգծեց նաև ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը և միաժամանակ ավելացրեց, որ 2012թ. ինչպես բանակի մարտական և զորահավաքային պատրաստականության, այնպես էլ հանրապետության զինված ուժերի մյուս բոլոր ոլորտներում նախատեսված միջոցառումները պետք է անցկացվեն նույն հետևողականությամբ:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին |
||||
|
||||